Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հետաքրքիր էր նրանով, որ դրանում Վարդան Օսկանյանը գնահատվում է որպես ազնիվ մարդ, եւ կոչ է արվում Սերժ Սարգսյանին նրա նկատմամբ ավելի մեղմ լինել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանոգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ հայտարարության տեքստում բառ անգամ չկար ԲՀԿ-ի մասին: Դա նշանակում է, որ երկրորդ նախագահի եւ ԲՀԿ առաջնորդի հարաբերություններում որոշակի  լարվածություն կա:

Նրա կարծիքով` այդ հայտարարությունը զինադադարի առաջարկ է իրենից ներկայացնում. «Սա նշանակում է, որ լուռ դիմակայությունը մարտի չի վերածվի»:

Սաֆարյանի խոսքով` դեռ Օսկանյանի հարցով խորհրդարանական քննարկումների ժամանակ էր նկատելի Քոչարյան-Ծառուկյան հարաբերություններում լարվածությունը: «Այդ ու նաեւ այն կապակցությամբ, որ խորհրդարանական քվեարկությամբ Սերժ Սարգսյանը ցույց տվեց,  որ իրավիճակի տերն է, ակնկալում էի, որ Քոչարյանը հանդես կգա համակարգը ցնցող հայտարարությամբ: Սակայն նա խուսափեց դրանից:  Սա նշանակում է, որ Քոչարյանը գիտակցում է ուժերի անհավասարությունը  եւ այդ պատասխանն ընտրել է որպես Օսկանյանի քրեական հետապնդումը չշարունակելու կոչ»: