Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների գների թանկ լինելուն նպաստում է այն գործոնը, որ անշարժ գույքի պոտենցիալ գնորդները կուտակվցած են Երեւանում: Մայրաքաղաքն ակնհայտ առավելություն ունի մարզային քաղաքների համեմատ:
Լինում են, իհարկե, բացառություններ: Օրինակ, զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում 1 քմ-ի միջին շուկայական արժեքն այս տարվա հուլիսին 34 հազ. դրամով գերազանցում էր մայրաքաղաքային ցուցանիշը` ստանդարտ բնակարանի արժեքը (63,1 քմ) նշված ժամանակահատվածում Ծաղկաձորում արժեր 45հազ. դոլար, Երեւանում` 40 հազ.:
Սակայն ընդհանուր առմամբ մարզերում բնակարանների գների վիճակը տխուր է: Այս հարցում ռեկորդակիր է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը, որտեղ ստանդարտ բնակարանի գինը հուլիսին եղել է հազար դոլար: Իհարկե, երեք հարյուր բնակչությամբ բնակավայրը դժվար է քաղաք համարել, սակայն...
Եթե հաշվի չառնենք Ծաղկաձորը, ապա բնակարանների բարձր գներով աչքի են ընկնում մայրաքաղաքի արբանյակները` Աբովյանն ու Էջմիածինը: Ընթացիկ տարվա հուլիսին այդ քաղաքներում ստնադարտ բնակարանի արժեքը նույնն է եղել` մոտավորապես 23 հազ. դոլար:
Քաղաքային բնակավայրերում բնակարանների գների պատկերը ներկայացված է գծապատկերում, որտեղ միակ «բարձրակետը» Ծաղկաձորն է:





























