Թուրքական Taraf թերթի նախկին լրագրող, ստամբուլահայ լեզվաբան Սեւան Նիշանյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել՝ այս անգամ էլ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ կապված մեկնաբանության համար:
Սեւան Նիշանյանի՝ «ֆիլմը անհրաժեշտ է մեկնաբանել խոսքի ազատության համատեքստում» արտահայտությունը խիստ արձագանք է գտել Թուրքիայում: Նիշանյանի կողմից այս տողերը բլոգում գրառելուց հետո նրա դեմ հերթական սպառնալիքների եւ վիրավորանքների տարափն է սկսվել: Սեւան Նիշանյանին հասցրել են քննադատել ստամբուլահայ լրագրողներն ու Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը:
Սեւան Նիշանյանն այս սպառնալիքներից եւ քննադատություններից հետո եւս շարունակել է պնդել, որ ինքը ճիշտն է գրել: Թուրքական Radikal-ի հետ զրույցում Նիշանյանը նշել է, թե ճշմարտությունը պետք է ասել առանց նայելու դրա հետեւանքներին:
Նշենք, որ Սեւան Նիշանյանն իր բլոգում գրել էր, թե շատ վաղուց մահացած անձանց ծաղրից եւ վիրավորանքից պաշտպանող իրավական կետեր չկան:
«Եթե կարող ես Հուլիոս Կեսարի դեմ ռեպլիկ անել, տրամաբանորեն կարող ես նույնը անել Մուհամեդի կամ Հիսուսի հանդեպ:
Ցավոք սրտի, մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Եւ կարծում եմ՝ իմ այդ հայացքները ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ»,-գրել էր Սեւան Նիշանյանը:





























