Թուրքիայի զինված ուժերի Սիրիային սահմանակից Ուրֆա նահանգի հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող որոշակի թիրախներին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով թուրքական կառավարության հայտարարությունը, այն բանից հետո, երբ Սիրիայից արձակված հրետանու արկը Ուրֆայի Աքչաքալեյի շրջանում 5 մարդու մահվան պատճառ դարձավ, թուրքական սահմանապահ հրետանային ստորաբաժանումները պատասխան հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող կոնկրետ թիրախների:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:
Երկրորդ արկի պայթյունից հետո Աքչաքալեյի բնակիչները հարձակվել են շրջանի կառավարական առաձնատան վրա: Ոստիկանությունը բնակիչների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:
Նշվում է, որ Ուրֆա նահանգի դիմաց՝ Սիրիայի Ռաքքի քաղաքի մոտակայքում 2 շաբաթից ի վեր բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի իսլամական զինված խմբավորումների միջեւ:
Այս դեպքի կապակցությամբ Անկարայում իշխանություններն արտակարգ հավաքներ են հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Հալուք Քոչը սադրանք է անվանել տեղի ունեցածը կոչ անելով իշխանություններին չենթարկվել սադրանքներին եւ ուշադիր լինել:





























