Թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել, թե ինչ հաջորդականությամբ եւ ինչ զինատեսակով է հրետակոծվել Սիրիայի տարածքն այն բանից հետո, երբ ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, Սիրիայից արձակված արկը ընկավ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Ուրֆա նահանգի Աքչաքալե քաղաքի փողոցներից մեկում:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից դեպի Ուրֆա արձակած հրետանային հարվածից հետո Թուրքիայի Մալաթիայի եւ Դիարբեքիրի ռազմաօդային բազաներից օդ են բարձրացել F-16 կործանիչներ եւ RF-4E հետախուզական օդանավերը եւ հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի հետ սահմանին՝ չխախտելով Սիրիայի օդային տարածքը:
Հետախուզական տվյալները փոխանցվել են Թուրքիայի ԶՈՒ ցամաքային ուժերի հրամանատարությանը, որից հետո Սիրիայում գտնվող թիրախներին հարվածներ են հասցրել 8-ից 25 կմ հեռահարությամբ եւ բարձր ճշգրտությամբ թիրախներ խոցող T-155 թնդանոթներից:
Նշվում է, որ T-155 տիպի հրետանային կայանքներից Թուրքիան ունի 150 հատ, որոնք հիմնականում օգտագործում են PKK-ի դեմ պայքարում:
Քրդական ANF գործակալությունն իր հերթին նշում է, թե թուրքական հրետանին հարվածներ է հասցրել Սիրիայի Այն Արուս գյուղին, որը վերջերս անցել էր Թուրքիայի աջակցությամբ գործող Սիրիայի ազատ բանակ կոչվող զինված խմբավորման հսկողության տակ:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:
Երկրորդ արկի պայթյունից հետո, երբ մահացել է 5 հոգի, Աքչաքալեյի բնակիչները հարձակվել են շրջանի կառավարական առաձնատան վրա: Ոստիկանությունը բնակիչների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:
Նշվում է, որ Ուրֆա նահանգի դիմաց՝ Սիրիայի Ռաքքի քաղաքի մոտակայքում 2 շաբաթից ի վեր բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի իսլամական զինված խմբավորումների միջեւ:
Այս դեպքի կապակցությամբ Անկարայում իշխանություններն արտակարգ հավաքներ են հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Հալուք Քոչը սադրանք է անվանել տեղի ունեցածը կոչ անելով իշխանություններին չենթարկվել սադրանքներին եւ ուշադիր լինել:





























