Չնայած ՀՀ Ազգային ժողովը նախօրեին բավարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված միջնորդությունը`ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, այնուամենայնիվ «փողերի լվացման» գործում Օսկանյանը դեռեւս ներգրավված չէ որպես մեղադրյալ: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքերը։
«Սա նշանակում է, որ քննչական գործողություններն առանձնապես լայն թափով չեն ընթանում. Օսկանյանը դեռ հարցաքննության էլ չի հրավիրվել: Ու տպավորություն է, որ գործող ռեժիմին պարզապես անհրաժեշտ էր աղմուկ բարձրացնել, թե «հանցագործը բռնված է», իսկ գործը նրանց չի հետաքրքրում:
Եվ քանի որ անորոշ իրավիճակ է, Վ. Օսկանյանը եւս չի շտապում գնահատականներ տալ: «Ես ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել: Ինչ պետք է, ասվել է արդեն: Ի՞նչ ասեմ»,-«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Օսկանյանը»,- գրում է «Ժողովուրդը»:




























