Թայմիրում 11-ամյա տղան 30 հազար տարի առաջ սատկած մամոնտի կմախք է գտել: Սոպոչնայա Կարգայում գտածոյի մասին Եվգենի Սալինդերը պատմել է ծնողներին, այժմ գիտնականներն այդ վայրում պեղումներ են կատարում:  Աշխատանքի ընթացքում հասկացել են, որ գործ ունեն ինքնատիպ նմուշի հետ: Դա կես տոննա կշռող մամոնտի կմախք է` պահպանված կաշվի, մսի, ճարպի եւ նույնիսկ մի քանի օրգաների մնացորդներով: Վերջին անգամ նման բան հայտնաբերվել էր 1901 թվականին Բերյոզովկա գետում, հաղորդում է «vesti.ru»-ն:

Մեկ շաբաթ գիտնականները կմախքը դուրս էին բերում ձյան տակից: Այժմ ակնհայտ է, որ կենդանու սապատը, որը նման է ուղտի սապատին, ճարպային գոյացություն է:

Գտածոն կդանա Թայմիրի թանգարանի ցուցանմուշ: Թանգարանը համաձայնել է այն  հանձնել Ռուսական գիտությունների ակադեմիային՝ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ուսումնասիրությունների համար:

Իսկ  մինչ այդ գիտնականները անգին գտածոն մաքրում են  հողից ու կեղտից եւ պատրաստվում են առաջին մանրազնին ուսումնասիրությունն անցկացնել: Մամոնտին գիտնականները որոշել են այն հայտնաբերած տղայի անունով կոչել Ժենյա: