Թուրքիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին` խնդրելով Սիրիայի դեմ միջոցներ ձեռնարկել` իր տարածքի հրետանային գնդակոծումը «ագրեսիայի դրսեւորում» անվանելով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով Խորհրդի անդամները քննարկում են տվյալ դեպքի կապակցությամբ համատեղ հայտարարության նախագիծը: Միջադեպի փաստաթղթի մեջ ասվում է, որ «այս ցուցադրական դեպքը խոսում է այն մասին, որ սիրիական ճգնաժամը վտանգավոր քայլերով սպառնում է հարեւան երկրներին»: Սիրիային շարունակում են մեղադրել «ագրեսիայի դրսեւորման» մեջ, մինչդեռ Թուրքիայի կողմից հրետանային գնդակոծումը առանց պատասխանի է մնում:
Գործակալությունը նաեւ հիշեցնում է, որ հոկտեմբերի 3-ին Անկարայում ուշ երեկոյան ՆԱՏՕ-ի Անվտանգության Խորհրդի արտակարգ նիստ է տեղի ունեցել, որտեղ «Թուրքիային ամբողջովին աջակցելու» որոշում է կայացվել եւ պահանջ` ըստ որի «Սիրիան անմիջապես պետք է դադարեցնի Անկարայի նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսեւորում»:
Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել, որ Թուրքիայի զինված ուժերի Սիրիային սահմանակից Ուրֆա նահանգի հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող որոշակի թիրախներին, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին, ժամը 15:30- ին Թուրքիայի Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, ինչի արդյունքում մահացել է Թուրքիայի հինգ քաղաքացի, իսկ շատերը ստացել են վնասվածքներ: Ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, հրետանու արկերը արձակվել են Սիրիայի տարածքից:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը` ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Պենտագոնը որոշակի անհանգստությամբ հետեւում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանային փոխադարձ գնդակոծություններին, սակայն «ներկայումս, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ կրակոցները լայնամասշտաբ զինված հակամարտության կվերաճի»:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները հետեւում են իրադարձություններին, սակայն այս հարցով այժմ թուրք դաշնակիցների հետ ոչ մի ռազմական կամ չեն իրականացնում: Ըստ պաշտոնյայի՝ տեղ գտած ռմբակոծությունը պարզապես սահմանային պատահար է:
«Սա ավելի շատ նման է, որ Թուրքիան կարծես ասում է՝ հեյ, մեզ հետ գործ չունեք, ինչ որ տեղի է ունենում Սիրիայի ներսում, պահեք ձեր մոտ»- ասել է բարձրաստիճան զինվորականը:
Նա կարծիք է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որ տեղի ունեցածը ավելի լայնամասշտաբ հակամարտության չվերածվի: «Ինչ որ իմաստով, Թուրքիան ավելի շատ բան կկորցնի այդ դեպքում, քան Սիրիան: Թուրքիան արդեն, ի դեմս սիրիացի փախստականների, պոտենցիալ խնդիր ունի, իսկ պատերազմը ավելի կվատթարացնի այն: Սիրիան իր հերթին, այնքան խնդիրներ ունի, որ եւս մեկ խնդիր ավելացնելը, այդ երկրի կառավարության համար ցանկալի չէ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:




























