ԱՄՆ-ի իշխանությունները ձերբակալել են 11 ռուսներից 8-ին, որոնց մեղադրում են ԱՄՆ-ից Ռուսաստան միկրոէլեկտրոնիկա արտահանելու մեջ: Ձերբակալվածների շարքում ԱՄՆ-ի քաղաքացի գործարար Ալեքսանդր Ֆիշենկոն է եւ նրա ընկերության յոթ աշխատակիցներ:
Ինչպես ամերիկյան իշխանություններին վկայակոչելով հայտնում է Reuters-ը, մնացած երեք հոգուն չի հաջողվել ձերբակալել, քանի որ գտնվում են Ռուսաստանում: Նրանց անունները չեն նշվում: Հայտնի է, որ ձերբակալվածների շարքում, Ֆիշենկոյից բացի, նաեւ նրա ընկերություններից մեկի գնումների բաժնի պետ Ալեքսանդր Պոսոբիլովն է: Բոլոր ռուսները ձերբակալվել էին հոկտեմբերի 2-ին Հյոսթոնում, ընդ որում, Պոսոբիլովը`օդանավակայանում, որտեղից պատրաստվում էր մեկնել Սինգապուր, այնուհետեւ` Մոսկվա, հայտնում է lenta.ru-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բրուքլինի դատախազությունը 11 հոգու մեղադրանք է ներկայացրել ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու համար: Մեղադրյալների ցուցակում են`46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկաթ Աբդուլաեւը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսիբիլովը, Դմիտրի Շեգուրովը, 32-ամյա Սվինջ Թաղիեւան եւ 31-ամյա Սվետլանա Զագոնը: Պատասխանատվության ենթակա են նաեւ Թեքսաս նահանգում գրանցված Arc Electronics Inc եւ ՌԴ-ում գրանցված Apex System ընկերությունները:
Քննության տվյալներով` դրանց հիմնադիրը Ա. Ֆիշենկոն է: Դատախազության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող միկրոէլեկտրոնիկայի դետալներ արտահանելու մեջ, որոնք կարող են կիրառվել ռազմական շատ համակարգերում:




























