«Արմավիա» ավիաընկերությունը 2008-2009 թ.թ. ազատված է եղել շահութահարկից, իսկ 2010-2011 թ.թ. շահույթ չի ունեցել: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

Նշենք, որ քաղավիացիայի գլխավոր վարչության առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 4-ին հաստատեց «Արմավիա» ավիաընկերության ծախսերը փոխհատուցելու մասին որոշում:

Խնդիրը հետեւյալն է: ՀՀ կառավարությունը, «Սիբիր ավիաուղիները» եւ «Արմավիան» 2003 թ. մարտի 14-ին կնքել են եռակողմ Ներդրումային պայմանագիր, որով 10 տարով «Արմավիային» իրավունք է տրամադրվել ուղեւորափոխադրումներ իրականացնել մի շարք օդային գծերով: Իրավունքի դիմաց ընկերությունը պարտավորվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել 15 միլիոն ԱՄՆ դոլար, որից 5 միլիոնը՝ 2003 թ., 2004-2013 թվականների համար յուրաքանչյուր տարում մեկական միլիոն:

Սակայն միեւնույն ժամանակ «Արմավիան» պարտավորվել է կառավարության սահմանած զեղչ գներով սպասարկել Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին: Արդյունքում՝  ՀՀ կառավարությունը 2006-11 թ.թ. մատուցված նմանատիպ ծառայությունների համար «Արմավիային» պարտք է մնացել մոտ 355 մլն դրամ: «Արմավիային» իրավունք էր տրված այդ արտոնյալ տոմսերի արժեքի չափով նվազեցումներ կատարել շահութահարկից, բայց փաստորեն ընկերությունը վերջին 5 տարիներին աշխատում է առանց շահույթի: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը «Արմավիայի» պարտքը փոխհատուցեց այն 1 մլն դոլարի հաշվին, որը ընկերությունը պետք է վճարեր իր մենաշնորհային դիրքի համար: