Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ կապված գործընթացները ուղղված են այլ անձանց, օրինակ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ ներկայացնելով իր դիտարկումները Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին:
Առաջին հետաքրքիր հանգամանքը, ըստ նրա, անմեղության կանխավարկածն է, այլ կերպ ասած՝ նրա անմեղությունը ապացուցելու բեռը գտնվում է ոչ թե Օսկանյանի, այլ կառավարության վրա: «Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ապացուցի, որ Օսկանյանը անմեղ է: Եթե նայենք Աղվան Հովսեփյանի շատ հիասթափեցնող ելույթին, դա ցույց է տալիս, որ նույնիսկ գլխավոր դատախազը չի հասկանում գործի իրական իմաստը, սա փողերի լվացում չի, երբեք չի եղել եւ չի լինի»,- ասաց վերլուծաբանը: Երկրորդ հանգամանքը, որը շեշտեց Ռիչարդ Կիրակոսյանը, ընտրված ժամանակահատավածն է, որը խիստ կասկածելի է:«Այո, դա քաղաքականացված գործընթաց է»,- ասաց նա:
Վերլուծաբանի երրորդ եզրակացությունը Վարդան Օսկանյանի գործի առնչությամբ այն է, որ գոյություն ունեն ավելի շատ եւ ավելի լուրջ խախտումներ պառլամենտում գտնվող պատգամավորների, հատկապես՝ օլիգարխների կողմից: Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ սա փորձություն է Հայստանում օրենքի իշխանության համար, ինչպես նաեւ փորձություն է Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության համար:
Ըստ վերլուծաբանի՝ խորհրդարանում Օսկանյանի գործի լսումները հանգեցրին նոր զարգացումների: «Հայաստանի Կառավարությունը գիտակցաբար կամ անգիտակացբար բարձրացնում է Օսկանյանին՝ որպես քաղաքական զոհ: Աղվան Հովսեփյանը գիտակացաբար կամ անգիտակցաբա աջակցում է Օսկանյանին նախագահական ընտրություններին»,- ասաց նա՝ շեշտելով, որ ինքը ոչ դատում է Վարդան Օսկանյանին, ոչ էլ աջակցում, այլ պաշտպանում է նրա իրավունքը եւ անմեղության կանխավարկածը:
Ի դեպ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի երեկ տարածած հաղորդագրությանը, նա նշեց, որ ինքը կարծում է, որ այդ տեքստը Քոչարյանինն է:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























