Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Հաշվի առնելով առկա զարգացումները՝ Հայաստանի կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Վրաստանի զարգացումներին, եւ իշխող կուսակցությունները պետք է հասկանան, որ չպետք է անտեսեն փոփոխություններին ուղղված հասարակական պահանջները:  Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝  առանձնացնելով վրացական ընտրությունների  5 կարեւոր նշանակությունները Հայաստանի համար:

Այսպես, Վրաստանում իշխող կուսակցությունը, որը մեծամասնություն էր կազմում,  ակնհայտորեն պարտություն կրեց, ինչը, վերլուծաբանի խոսքով, վկայում է այն մասին, որ գործող իշխանությունը չպետք է չափից դուրս ինքնավստահ եւ գոռոզ լինի: Երկրորդ դիտարկումն այն է, որ չպետք է երբեք անտեսել փոփոխություններին ուղղված քաղաքացիական պահանջները, Վրաստանում կայացած ընտրությունները նաեւ ցույց են տալիս ժողովրավարության ուժը Վրաստանում: «Նախկինում Սահակաշվիլին գլխավորում էր հասարակական կարծիքը եւ ձեւավորում էր այն, բայց ներկայիս ընտրությունների արդյունքը փաստում են, որ նա այլեւս չի առաջնորդում կարծիքը եւ չի ձեւավորում այն, այլ հետեւում է դրան: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ կառավարությունները չպետք է անտեսեն փոփոխությունների միտված հասարակության պահանջները»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հաջորդ դիտարկումն այն է, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Վրաստանում, պատմական է լինելու: «Սա տարածասշրջանում առաջին դեպքն է, երբ իշխանությունները պարտություն են կրում եւ տեղի է ունենում իշխանության խաղաղ հանձնում»,- ասաց նա: Վերլուծաբանաի կարծիքով՝ իրականում Վրաստանը նման է Հայաստանին: Իսկ նմանությունը կայանում է նրանում, որ եւ Հայաստանում, եւ Վրաստանում, գոյություն ունի առողջ պայքարի մթնոլորտ, դա մենք տեսնում ենք Հայաստանի խորհրդարանում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի, Հրանտ Բագրատյանի ելույթները: «Դա իրենից ներկայացնում է առողջ եւ կառուցողական միջավայր, երբ ընդդիմությունը մարտահրավեր է նետում իշխանությունը: Հայաստանում քաղաքական մրցակցությունը հենց համակարգի ներսում է»,- ասաց նա: Մյուս կարեւոր հանգամանքը այն է, որ  Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունները նշանակալի կլինեն Հայաստանի համար: «Մենք պետք է ակնկալենք, որ փոփոխություններ տեղի կունենա Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, որոնք միտված կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, որը լավ է Հայաստանի համար: Հայաստանը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի հարեւան երկրներում տեղի ունեցող փոփոխություններին»,- նշեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի