Եթե Վարդան Օսկանյանը անցներ Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, նրան ամեն ինչ կներվեր: Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել  քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Հայաստանի Գլխավոր դատախազի` նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանի դեմ հարուցած գործը:  Այս դեպքում, ավելացրել է նա, խոսքը գնում է ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատականին:

«Ես գիտեմ, որ որոշ բաներ չգիտեմ: Ես իրավաբան չեմ, այլ քաղաքագետ: Եւ քաղաքական տեսանկյունից նշանակություն չունի, թե հատկապես ինչ մեղադրանքներ են նրան ներկայացվել: Գործի հիմքում ` քաղաքական մրցակցությունն է: Եթե վաղը Օասկանյանն անցնի Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը, նա կդառնա «Մայր Թերեզան», իսկ նրա գործը անմիջապես կկորցնի արդիականությունը»,–ասել է Իսկանդարյանը:

Մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը` փորձագետը նշել է, որ երկրորդ նախագահը բավականին հազվադեպ, բայց լուրջ դեպքերում  է գնահատականներ տալիս: «Նրա հայտարարությունը բնական է հնչում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Օսկանյանը նրա հետ աշխատել է երկար տարիներ»,–նշել է իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանը բավարարել է գլխավոր դատախազի ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: