Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու Սիրիայի դեմ անդրսահմանային ռազմական գործողություններ թույլատրելու օրինագիծը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ինջեն փակ քննարկումից առաջ ելույթ է ունեցել, քննադատել է իշխանություններին՝ անդրսահմանային գործողությունները թույլատրող օրինագծի քննարկումը փակ անցկացնելու համար՝ շեշտելով, թե ժողովուրդը պարտավոր է տեսնել, թե ինչ է կատարվում:
Թուրք պատգամավորը մեղադրել է իշխանություններին Սիրիայում լարվածությունը մեծացնելու համար՝ նշելով, թե Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի արկածախնդրությունը փորձանք է դառնալու Թուրքիայի գլխին:
Նշվում է, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունները որոշում են կայացրել դեմ քվեարկել օրինագծին, սակայն հավանականություն կա, որ այն կանցնի, քանի որ իշխող կուսակցությունն ունի բավարար ձայների քանակ:
Նշենք, որ հոկտեմբերի 3-ին, 15:30-ին Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:
Երկրորդ արկի պայթյունից հետո, երբ մահացել է 5 հոգի, Աքչաքալեյի բնակիչները հարձակվել են շրջանի կառավարական առաձնատան վրա: Ոստիկանությունը բնակիչների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ:
Նշվում է, որ Ուրֆա նահանգի դիմաց՝ Սիրիայի Ռաքքի քաղաքի մոտակայքում 2 շաբաթից ի վեր բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի իսլամական զինված խմբավորումների միջեւ:
Թուրքական հրետանային մարտկոցները նույն օրը հրետակոծել են Սիրիային տարածքը:




























