Բիձինա Իվանիշվիլիի օրոք Վրաստանի արտաքին քաղաքականությունն ավելի կոմպլեմենտար կլինի: Լրագրողներին այսօր` հոկտեմբերի 4-ին նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Այժմ, հավելել է նա, Վրաստանի քաղաքականությունում մանեւրելու ազատություն կա, որը նվազագույնի էր հասցվել Սահակաշվիլիի ծայրահեղական դիրքորոշման պատճառով: Հարավային Կովկասի երկու կոմպլեմենտար քաղաքականություններին` հայկական եւ ադրբեջանական, կավելանա նաեւ վրացականը:
«Սահակաշվիլին գաղափարական հստակ միտում ուներ` Վրաստանը Կովկասից տանել Ատլանտյան օվկիանոս: Իվանիշվիլին եւ նրա շրջապատը այդ գաղափարի կրողը չեն: Հետեւաբար, նրանք կարող են ավելի պրագմատիկ դիրքորոշում որդեգրել: Այստեղ առաջին հարցը, ամենայն հավանականությամբ, կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այդ թվում` սահմանի բացման հարցը», – ասել է Իսկանդարյանը: Վերջինը, ըստ նրա, կարող է շատ հետաքրքիր արդյունքների հանգեցնել, քանի որ ռուսական սահմանը փակվելուց հետո Վրաստանից գործազուրկների հոսք տեղի չունեցավ. «Վրաստանում փոքր բիզնեսով զբաղվողները, որոնք արդյունքում զրկվեցին իրենց հացից, հեռանալու հնարավորություն չունեցան: Սահակաշվիլիի օրոք փոքր բիզնեսի զարգացման մասին պատմությունները տնային տնտեսուհիների համար են: Սահակաշվիլիի օրոք այն կրկնակի կրճատվել է: Հենց նրանց բողոքն էր այն գործիքներից մեկը, որից օգուտ քաղեց Իվանիշվիլին»:
Վերադառնալով քաղաքական բաղադրիչին, Իսկանդարյանը նշել է, որ Իվանիշվիլիի օրոք Վրաստանի քաղաքականությունն ավելի ավանդական կլինի: Նման փոփոխությունը կարող է անդրադառնալ նաեւ Հայաստանի եւ հայերի հետ հարաբերություններին:
«Ներկա իրավիճակն ինչ-որ բանով հիշեցնում է վաղ Շեւարդնաձեին եւ նրա եռիշխանությունը Կիտովանիի եւ Իոսելիանիի հետ, որում նա վերջնարդյունքում հաղթանակեց: Այդկերպ էլ 2003թ. հաղթեց Սահակաշվիլին, հետո նույնանման եռիշխանությունից դուրս մղեց Ժվանիային եւ Բուրջանաձեին: Այժմ նոր բեւեռացում է նկատվում նախագահի, խորհրդարանի խոսնակի, ապագա վարչապետի եւ, հնարավոր է, ուժային նախարարների միջեւ», - ամփոփեց Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին, որի կոալիցիան հաղթել է խորհրդարանական ընտրություններում, պետք է նոր կառավարություն ձեւավորի, որում, ըստ նրա, գործող նախարարներից ոչ ոք չի ընդգրկվի:


























