Եթե Վրաստանում խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակը իսկապես հանգեցնի Թբիլիսիի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորմանը, ապա դա կամրապնդի Հայաստանի դիրքերը տարածաշրջանում: Նման կարծիք է հայտնել Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Փորձագետը հիշեցրել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների վրա եւ առավել հանգիստ վիճակ կստեղծի տարածաշրջանում:
Անդրադառնալով Վրաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, Սերգեյ Մինասյանը նկատել է, որ Բաքվում զարմացել են, իսկ Հայաստանի դիրքերի հնարավոր բարելավումը բացասաբար է ընկալվել: Ինչ վերաբերում է Արեւմուտքի արձագանքին, ապա նրա համար ամենակարեւոր հարցը մնում է ժողովրդավարությունը եւ այն փաստը, որ առաջին անգամ Վրաստանում իշխանափոխությունը տեղի է ունեցել ընտրությունների միջոցով: Մինասյանի կարծիքով, այս ֆոնի վրա Վրաստանին շատ բան կներվի, անգամ կարելի է սպասել տնտեսական եւ քաղաքական օգնության ավելացում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրաություններում համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան, իսկ Սահակաշվիլին ընդունել է պարտությունը եւ հայտարարել է իր կուսակցության ընդդիմադիր դառնալու որոշման մասին:




























