Վրաստանի խորհրդարանական ընտրությունները աննախադեպ էին ոչ միայն հենց Վրաստանի համար, այլ ողջ տարածաշրջանի համար: Նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, դեպքերը գերազանցել են սպասելիքները, քանի որ ենթադրվում էր, որ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, գործի կդնի վարչական միջոցները` իր համար ստեղծելով բարեհաջող իրավիճակ: Եւ եթե անգամ Սահակաշվիլին պարտվեր Թբիլիսիում, իրավիճակը «շտկելի» կլիներ մեծամասնական շրջանների օգնությամբ: Սակայն վերջին օրերի դեպքերը, այդ թվում վրացական բանտերի հետ կապված սկանդալը եւ դրան հետեւած երկու նախարարների հրաժարականները, լուրջ ազդեցություն են թողել Վրաստանի ուժային կառույցների վրա: Միեւնույն ժամանակ, վարչապետ Վանո Մերաբիշվիլին չեզոքություն է ցուցաբերում:
Փորձագետի կարծիքով, ընդդիմության հաղթանակը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնական մրցակիցները երկուսն են եղել: Բացի այդ, Իվանիշվիլիի ֆինանսական միջոցները գերազանցել են Սահակաշվիլիի վարչական միջոցներին, կարծում է Սերգեյ Մինասյանը:Բացի այդ նա հիշեցրել է, որ Միխայիլ Սահակաշվիլին դեռ ունի մեկ տարի ժամանակ. թեեւ նախկին ընդդիմությունը կազմում է խորհրդարանի մեծամասնությունը, դա չի նշանակում, որ կառավարության ձեւավորման քաղաքական պայքարը ավարտվել է: Չի բացառվում, որ Սահակաշվիլին սաբոտաժի կենթարկի կառավարության աշխատանքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրաություններում համոզիչ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան:





























