ԱՄՆ-ում ձերբակալված ռուսները միկրոէլեկտրոնիկայի մաքսանենգության մեջ են մեղադրվում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:
Ըստ նրա՝ ամերիկյան կողմից բացատրություն է ստացվել, որ առաջադրված մեղադրանքները քրեական բնույթի են, եւ հետախուզական գործունեության մասին խոսք չկա: Ընդ որում, ըստ Լուկաշեւիչի, Ռուսաստանի ԱԳՆ-ում լուրջ հարցեր է հարուցում այն հանգամանքը, որ ամերիկյան իշխանությունները ռուսական դիվանագիտական ներկայացուցչությանը չեն ծանուցել ձերբակալման փաստի մասին, հաղորդում է «Ռոսբալտը»: Այժմ Հյուսթոնի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցները փորձում են հանդիպել ձերբակալված բոլոր ռուսների հետ:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բրուքլինի դատախազությունը 11 հոգու մեղադրանք է ներկայացրել ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու համար: Մեղադրյալների ցուցակում են`46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկաթ Աբդուլաեւը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսիբիլովը, Դմիտրի Շեգուրովը, 32-ամյա Սվինջ Թաղիեւան եւ 31-ամյա Սվետլանա Զագոնը: Պատասխանատվության ենթակա են նաեւ Թեքսաս նահանգում գրանցված Arc Electronics Inc եւ ՌԴ-ում գրանցված Apex System ընկերությունները:
Քննության տվյալներով` դրանց հիմնադիրը Ա. Ֆիշենկոն է: Դատախազության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող միկրոէլեկտրոնիկայի դետալներ արտահանելու մեջ, որոնք կարող են կիրառվել ռազմական շատ համակարգերում:





























