Վրաստանի նոր գումարման խորհրդարանում հայ երեք պատգամավորներ կլինեն: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով` պատգամավորներից երկուսը Ջավախքի պատգամավորներն են, մեկն էլ «Վրացական երազանքից» է:

Պատասխանելով Ջավախքում ընտրությունների մասին հարցին, փորձագետը նշել է, որ այնտեղ ճնշում է գործադրվել: Ջավախքում իրադրության փոփոխությունը, իշխանությունների  վերաբերմունքի փոփոխությունը պետք է նպաստի Թբիլիսիի հարաբերությունների լավացմանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Նրանց հետ կարող են կնքվել քաղաքական  համաձայնագրեր, տարվել բանակցություններ:  

Ինչ վերաբերում է ջավախքցի ակտիվիստներ Մելիք Ռաիսյանի եւ Վահագն Չախալյանի ճակատագրին, Մինասյանը կարծում է, որ  նոր իշխանությունների ձեւավորումից հետո առաջինը կարող է վերադառնալ: Իսկ երկրորդի դեպքում հույս կա, որ իրադրությունը նույնպես կարող է փոխվել:

Խոսելով Վրաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր զարգացման մասին՝ Սերգեյ Մինասյանը նշել է, որ չի կարծում, թե փոփոխություններ կլինեն: Սահակաշվիլիի օրոք Թուրքիայի մասնակցությունը պայմանավորված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմամբ, նկատել է Մինասյանը:

Լուսանկարը` Սոնա  Բարսեղյանի