Պենտագոնի հայտարարությունն այն մասին, թե սահմանային մարտերում Թուրքիան կկորցնի ավելին, քան Սիրիան, անկողմնակալ է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:
Ըստ քաղաքագետի՝ Սիրիան Թուրքիային չի հարվածի, եւ նրա տարածքում ռումբի պայթեցման առթիվ Սիրիայի ներողությունը վկայում է այդ մասին:
Խոսելով Թուրքիայի հետագա գործողությունների մասին՝ փորձագետը նշել է, որ այդ երկիրը շարունակում է աջակցել Սիրիայի դեմ գործող գրոհայիններին: «Հայտնի է, որ Թուրքիայի տարածքում տեղի է ունենում ահաբեկիչների պատրաստում, նրանց վարժեցնում են: Սակայն այլ բան է այն, որ Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի աջակցության բացահայտ չի կռվի Սիրիայի դեմ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ Պենտագոնը որոշակի անհանգստությամբ է հետեւում Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ սահմանային փոխհրաձգություններին: Նա նշել էր, որ երկու կողմերն էլ շահագրգիռ են, որ կոնֆլիկտը չվերաճի ինչ-որ մեծ բանի: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ «Սիրիան ներկայումս այնքան շատ խնդիրներ ունի, որ եւս մեկը հարկավոր չէ»:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այն բանից հետո, երբ Անկարայի պնդմամբ, Սիրիայի տարածքից բաց թողնված հրանոթը հանգեցրել էր 5 մարդու մահվան, թուրքական զինված ստորաբաժանումները հարվածներ են տեղացել Սիրիայի տարածքում: Ինչպես ավելի ուշ հայտնել էր քրդական գործակալությւոններից մեկը, հարվածել էին «սիրիական ազատ բանակի» կողմից վերահսկվող գյուղին:




























