12-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած եւ դեպքի վայրից փախուստի դիմած ոստիկան Կնյազ Աշոտի Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:  Սեպտեմբերի 29-ին գործը ընդունվել է վարույթ, սակայն առայժմ դատական նիստ չի նշանակվել:

Ըստ մեղադրական եզրակացության` Կնյազ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ավտոմեքենան վարելիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Այսպես. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Կնյազ Բարսեղյանը 2012թ.հունիսի 26-ին` ժամը 21-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արմավիր-Երեւան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վարելով «Ֆոլցվագեն-Գոլֆ» մակնիշի 25 ՕՕ 645 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջները` ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն` երթեւեկության համար վտանգն առաջացնելու պահից սկսած միջոցներ չի ձեռնարկել իր վարած ավտոմեքենայի ընթացքը դանդաղեցնելու, կամ լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն տալ 12-ամյա Լեւոն Թադեւոսյանին դուրս գալու ավտոմեքենայի ընթացագոտուց, որի արդյունքում վրաերթի է ենթարկել նրան եւ անզգուշությամբ պատճառել մահ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս  հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նշենք, որ ոստիկանի նկատմամբ խափանման միջոցը չի փոխվել եւ շարունակում է մնալ` ստորագրությամբ քաղաքից չհեռանալը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի տարածքում հունիսի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում վրաերթի է ենթարկվել 12-ամյա Լեւոն Թ.-ն, ով Մեծամորի հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է: Հունիսի 27-ին, նրա ծննդյան օրն էր: Վրաերթի ենթարկողը երեխային թողել էր անօգնական վիճակում եւ դեպքի վայրից հեռացել: Լեւոնը փորձել էր հեծանիվով ճանապարհն անցնել, որի ժամանակ էլ նրան հարվածել էր մեքենան:

Ավելի ուշ Մեծամորի Ոստիկանություն էր ինքնակամ ներկայացել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը եւ հայտնել, որ 12-ամյա երեխային վրաերթի է ենթարկել ինքը` նշված մեքենայով: