Թուրք-սիրիական սահմանի միջադեպը  սադրանք էր, որը ձեռնտու էր այսպես կոչված սիրիական ազատ բանակին եւ նպատակ ուներ հակամարտությանը ներգրավել ՆԱՏՕ-ի ուժերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: 

«Դրդապատճառը պարզ է: Թուրքիան կարող էր ՆԱՏՕ-ին դիմել միայն այն դեպքում, եթե նրա տարածքին սպառնում են դրսից: Հայտնի է, որ  սիրիական ազատ բանակի գրոհայինները պատրաստականություն են անցնում Թուրքիայի տարածքում: Այդ միջադեպը նրանց կողմից հատուկ է կազմակերպվել: Դա Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու եւ իրավիճակը փոխելու Թուրքիայի երկրորդ փորձն էր», - նշել է Ցիգանոկը:

Սակայն ըստ նրա՝ տվյալ պահին ՆԱՏՕ-ն նպատակահարմար չի համարում Սիրիայում ռազմական գործողություններ սկսելը: «ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի ղեկավարություններն ամեն ինչ արել են, որպեսզի բացեն սահմանները միայն նրա համար, որ անարգել զենք մատակարարեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ   ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հաղորդել էր, որ Պենտագոնը որոշակի անհանգստությամբ է հետեւում Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ սահմանային փոխհրաձգություններին: Նա նշել էր, որ երկու կողմերն էլ շահագրգիռ են, որ կոնֆլիկտը չլրջանա: Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ  «Սիրիան ներկայումս այնքան շատ խնդիրներ ունի, որ եւս մեկը հարկավոր չէ»:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այն բանից հետո, երբ Անկարայի պնդմամբ, Սիրիայի տարածքից բաց թողնված  հրետանային հարվածը հանգեցրել էր 5 մարդու մահվան, թուրքական զինված ստորաբաժանումները հարվածներ են տեղացել Սիրիայի տարածքում:  Ինչպես ավելի ուշ հայտնել էր քրդական գործակալություններից մեկը, հարվածել էին «սիրիական ազատ բանակի» կողմից վերահսկվող գյուղին:

Միաժամանակ, Թուրքիայի խորհրդարանը փակ նիստում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը անդրսահմանային բանակային գործողությունների, այդ թվում նաեւ` Սիրիայի նկատմամբ, անցկացման մեկ տարվա մանդատ է տրամադրել: