Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, այսօր` հոկտեմբերի 4-ին վճիռ է կայացրել «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով:
Սամվելյանը դատապարտվել է 4 ամիս ազատազրկման եւ 200 հազար դրամ տուգանքի: Փոխգնդապետի ազատազրկման ժամետը հաշվարկվելու է հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ Սամվելյանը առաջին իսկ նիստում իրեն մեղավոր էր ճանաչել, իսկ նրա պաշտպանը միջնորդել րէ գործը քննել արագացված կարգով:
Մեղադրող Տիգրան Հարությունյանն առաջարկել էր Սամվելյանին դատապարտել վեց ամսվա ազատազրկման եւ 200 հազար դրամ տուգանքի:
Նշենք, որ Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ի գիշերը նա զինամթերքով մուտք էր գործել Երեւանի Ավան թաղամասում գտնվող «Հարսնաքար» ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Վարդան Սամվելյանը ձերբակալվել էր եւ տեղափոխվել ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան:
Վարդան Սամվելյանը մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է, նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:





























