ԱՄՆ-ն չի աջակցի Թուքրիայի ռազմական գործողությունները Սիրիայի նկատմամբ, քանի որ դա կհարվածի Բարաք Օբամայի վարկանիշին ընտրություններից առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Ազգային ռազմավարության խորհրդի համանախագահ, քաղաքագետ եւ տնտեսագետ Իոսիֆ Դիսկինը. «Թուրքիայի ներխուժումը Սիրիա միայն ավելի կվատացնի մարդասիրական իրավիճակը, ինչի մասին հայտնել է Պենտագոնը»,-նշել է նա:
Միաժամանկ քաղաքագետը չի բացառել, որ Պենտագոնի զգուշացումներին հակառակ, Թուրքիան ռազմական գործողություններ կիրականացնի: «Ինչպես հայտնի է, Թուրքիայի խորհրդարանը դրա համաձայնությունը տվել է: Ես չեմ բացառում ռազմական գործողությունները, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ մահմադեկան աշխարհի առաջատարը»:
Դիսկինի խոսքով, ներկայումս սիրիական բանակը մաքրել է ողջ տարածքը` բացի Հալեպից եւ մի քանի ոչ մեծ շրջաններից: «Թեեւ թուրքական բանակը այս դեպքում գործ կունենա սիրիական բանակի հետ, սակայն պետք չէ մոռանալ, որ թուրքական բանակը ուժեղ է եւ պատրաստված: Ես չեմ բացառում, որ թուրքիան տեղային ներխուժում կիրականացնի, որպեսզի Սիրիայի տարածքում ճամբարներ ստեղծի, որտեղ հնարավոր կլինի զինել գրոհայններին` նրանց վերակազմավորման համար հնարավորություն ստեղծելով»:
Դիսկինը նաեւ նշել է, որ թուրքիան շատ բան է խաղատախտակին դրել Բաշար Ասադին վարկաբեկելու համար եւ նրա համար Ասադի իշխանության պահպանությունը կնշանակի քաղաքական պարտություն եւ խայտառակություն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտնել է, որ Պենտագոնը որոշակի անհանգստությամբ հետեւում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանային փոխադարձ գնդակոծություններին, սակայն «ներկայումս, ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ կրակոցները լայնամասշտաբ զինված հակամարտության կվերաճի»:
Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները հետեւում են իրադարձություններին, սակայն այս հարցով այժմ թուրք դաշնակիցների հետ ոչ մի ռազմական կամ չեն իրականացնում: Ըստ պաշտոնյայի՝ տեղ գտած ռմբակոծությունը պարզապես սահմանային պատահար է:
«Սա ավելի շատ նման է, որ Թուրքիան կարծես ասում է՝ հեյ, մեզ հետ գործ չունեք, ինչ որ տեղի է ունենում Սիրիայի ներսում, պահեք ձեր մոտ»,- ասել է բարձրաստիճան զինվորականը:
Նա կարծիք է հայտնել, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որ տեղի ունեցածը ավելի լայնամասշտաբ հակամարտության չվերածվի: «Ինչ որ իմաստով, Թուրքիան ավելի շատ բան կկորցնի այդ դեպքում, քան Սիրիան: Թուրքիան արդեն, ի դեմս սիրիացի փախստականների, պոտենցիալ խնդիր ունի, իսկ պատերազմը ավելի կվատթարացնի այն: Սիրիան իր հերթին, այնքան խնդիրներ ունի, որ եւս մեկ խնդիր ավելացնելը, այդ երկրի կառավարության համար ցանկալի չէ»,- նշել է ամերիկացի պաշտոնյան:
Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել, որ Թուրքիայի զինված ուժերի Սիրիային սահմանակից Ուրֆա նահանգի հրետանային ստորաբաժանումները հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող որոշակի թիրախներին, այն բանից հետո, երբ հոկտեմբերի 3-ին, 15:30- ին Թուրքիայի Աքչաքալեյի այգիներից մեկում եւ 16:25-ին Աքչաքալեյի բանուկ փողոցներից մեկում հրետանու արկեր են ընկել, որոնք ըստ թուրքական լրատվամիջոցների պնդումների, արձակվել են Սիրիայի տարածքից:





























