Չեմ կարծում, թե Ադրբեջանի եւ Թուրքմենստանի հարաբերություններն այն աստիճան կսրվեն, որ գործը հասնի ուղղակի բախման: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ փորձագետի՝ վերջին տարիներին Ադրբեջանն զգալիորեն արդիականացրել է իր ռազմածովային ուժերը: Սակայն Թուրքմենստանն էլ ունի որոշակի ներուժ:  «Բացի դրանից, Թուրքմենստանի ռազմաօդային ուժերը թվային առումով բավական մեծ են, եւ Կասպիական տարածաշրջանում բախման դեպքում դրանք կարող են դիմակայել Ադրբեջանի ռազմածովային նավատորմին: Սակայն կարծում եմ, որ տարածաշրջանում Ադրբեջանի հիմնական ակտիվությունը  ուղղված է ոչ թե Թուրքմենստանի, այլ Իրանի դեմ», - ասել է փորձագետը:

Նշենք, որ վերջին ժամանակներս ադրբեջանական մամուլում հաճախակի են դարձել Թուրքմենստանի հետ հարաբերությունների սրացման վերաբերյալ հրապարակումները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի