Աշխարհում խոշորագույն Facebook սոցկայքի օգտատերերի թիվը գերազանցել է մեկ միլիարդը: «Այս առավոտյան, Facebook–ի ամենամսյա ակտիվ օգտատերերի թիվը անցել է միլիարդը: Եթե դուք կարդում եք սա, շնորհակալություն, քանի որ ինձ ու իմ թիմի համար պատիվ է ձեզ համար աշխատելը»,-իր էջում գրել է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Հրաշալի է, երբ օգնում ես միլիարդավոր մարդկանց շփվել իրար հետ եւ այս պահին դա իմ կյանքի գլխավոր հպարտությունն է: Ես պատրաստ եմ աշխատել ամեն օր, որպեսզի առավել կատարելագործվի Facebook-ը, եւ հուսով եմ, որ մի օր մենք կկարողանանք միավորել մնացյալ աշխարհը»,-գրել է նա:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», երեք ամսվա ընթացքում սոցկայքի այցելուների թիվը աճել է 45 միլիոնով: 955 միլիոնի «ահմանը» հատելու մասին սոցկայքը հայտնել էր դեռեւս հուլիսին: SocialBakers ծառայության վիճակագրության համաձայն, Facebook-ի ամենաշատ հաճախելիությունը գրանցվում է ԱՄՆ-ում` 166,1 միլիոն օգտատերով:
Ցուկերբերգը իր ապագա գործընկերոջ` Էդուարդո Սավերինի հետ Facebook-ը ստեղծել է 2004 թ-ին փետրվարին: Նախնական շրջանում կայքը անվանվել է thefacebook.com եւ նախատեսված է եղել Հարվարդի ուսանողների համար, սակայն հետագայում նրան է միացվել նաեւ համընդանուր հասանելիությունը:




























