Լիբիայում վարչապետ Մուսթաֆա Աբու Շագուրի առաջարկած նոր կառավարության կազմից դժգոհ ցուցարարները` մոտ 150 մարդ, ներխուժել են Տրիպոլիում գտնվող խորհրդարանի շենք:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նրանք քիչ անց լքել են նիստերի դահլիճը, բայց ցույցը շարունակել են շենքի մոտ: Արդյունքում ապագա նախարարների թեկնածությունների քննարկմանը նվիրված նիստը հետաձգվել է մինչեւ երեկո:
Ցուցարարների կարծիքով` կառավարությունը ձեւավորվել է գաղափարական սկզբունքով եւ չի արտացոլում լիբիական շրջանների բնակչության շահերը:
Ցուցարարների մեծամասնությունը նավթային Էզ Զավիա քաղաքից են: Նրանք Կենտրոնական իշխանություններին նավթի նախարարի իրենց թեկնածուին էին առաջարկել, սակայն այդ պաշտոնում այլ թեկնածու էր առաջադրվել: Արդյունքում Էզ Զավիայում ամբողջ գիշեր ցույց էր ընթացել:
Կառավարության քննարկվող կազմում «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության երկու ներկայացուցիչներ կան: Սակայն բացակայում են «Ազգային ուժերի միության» ներկայացուցիչները, որի առաջնորդը անցումային կառավարության նախկին ղեկավար Մահմուդ Ջաբրիլն է:





























