Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Երեւանի ժամանակով 20։00-ին սկսվել է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումները։
Ավելի վաղ, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացմանը, ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը նշել էր, որ «Սաֆարովի հրեշավոր հանցագործության փառաբանումն անընդունելի է»։ «Պարոն Սաֆարովի կողմից իրականացված հրեշավոր հանցագործության փառաբանումը անընդունելի է, եւ ես խորապես ցավում եմ այն բանի համար, որ հացագործը ներման է արժանացել Եվրոպայի խորհրդի կողմից մշակված այն իրավական գործիքների օգնությամբ, որոնք ուղղված են իրական «մարդասիրական նպատակներին», ավելացրել է ԵԽԽՎ-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ 2004 թ-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացող անգլերեն լեզվի դասընթացի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը փետրվարի 19-ի գիշերը կացնահարել է նույն ծրագրի մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս քնած է եղել: 2006 թ-ի ապրիլի 13-ին հունգարական դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման է դատապարտել` մոտակա 30 տարիների ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 8 տարի անց` 2012 թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնել Սաֆարովին, ով հայրենիք հասնելուն պես ներման է արժանացել Ադրբեջանի նախագահի կեղմից: Նույն օրը Երեւանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:





























