ԻՏԱՌ- ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Գուսմանը հայտարարություն է արել` կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ըստ ադրբեջանական «Էխոյի»` Գուսմանը մասնավորապես հայտարարել է հակամարտության արագ կարգավորման մասին: Նրա խոսքով` «Ադրբեջանը համառորեն ձգտում է հասնել ղարբաղյան հակամարտության հարցով ՄԱԿ-ի որոշումների իրականացմանը: Շատ կարեւոր է, որ դեռ ժամանակ կա խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ավելացրել է նա: «Առաջին հերթին պետք է լուծել Ադրբեջանի գրավված տարածքների հարցը: Ադրբեջանում աշխարհում ամենաշատ փախստականներն են, եւ անհնար է դրա հետ հաշտվել»,-ասել է Գուսմանը:
Փախստականների նկատմամբ նման հոգատարությունը, անկասկած, գովելի է: Սակայն անհասկանալի է, թե ինչու է ռուսաստանյան առաջատար գործակալություններից մեկն անտեսում հայ փախտսկանների խնդիրը: Ռուս լրագրողը լռում է նաեւ այն պատճառների մասին, որոնք հանգեցրել են «աշխարում ամենամեծաթիվ փախստականների առաջացմանը», խոսում է «գրավյալ տարծքների մասին», սակայն մոռանում է Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքների մասին, լռության է մատնում Սումգայիթում եւ Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտման, Ադրեբջանի կողմից սպառազինությունների մրցավազքի, դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու ադրբեջանական կողմի մերժման եւ հրադադարի ռեժիմի մշտական խախտումների մասին:
Ռուսաստանյան խոշորագույն լրատվական գործալության տնօրենի նման միակողմանի մոտեցումը ստիպում է մտածել, թե որքանո՞վ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը օբյեկտիվ առհասարակ այս հումանիտար խնդրի լուսաբանման հարցում:





























