Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի քննարկման շրջանակում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նշանակում ներում շնորհելը։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ընթացող մարդասպան Սաֆավորի գործի քննարկմանը հայտարարել է ԵԽԽՎ իրավաբանական հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Չոպը։ Նա ներկայացրել է գործի նախապատմությունը՝ պատմելով, թե ինչպես է Սաֆարովը հայտնվել ազատության մեջ։ Նա ընդգծել է, որ պետք է հասկանալ,թ ե ինչ է նշանակում ներում շնորհելը։

«Չի կարող այլ կարծիք լինել, քանի որ Սաֆարովը հանցագործ է»,- ասել է ԵԽԽՎ իրավաբանական հանձնաժողովի նախագահը։Նրա խոսքով, անհրաժեշտ է ոչ թե խոսել օրենքների մասին, այլ օրենքի գերակայության մասին, երբ որ մարդիկ վերադառնալով իրենց հայրենիք՝ գովաբանվում են, եւ ոչ թե դատապարտվում։Չոպից հետո ելույթ է ունեցել ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշբլուան։ Նա հայտարարել է, որ այս գործը վերաբերվում է ամբեղջ Եվրոպային։ «Ամոթ Հունգարիային, ամոթ Եվրոպային»,- ասել է խոսքում Ռուշբուան։Պատգամավոր Լորդ Անդերսոնն իր ելույթում նշել է, որ այս քննարկումը Լեռնային Ղարաբաղի հարցով չեն, եւ դա Սաֆարովի նկատմամբ եւս մեկ դատական նիստ չէ։ Լորդ Անդերսոնը հունգար պատգամավորներին հարց է տվել, թե ինչու՞ նրանց կառավարությունը տեղյակ չի պահել Հայաստանին, որ արտահանձնում է Սաֆարովին։

Ադրբեջանցիներին նա հարցրել է, թե ինչպես կարձագանքեին նրանք, եթե Հայաստանի տեղում հայտնվեին։Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: