Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել Ստրասբուրգյան կոնվենցիայի համձայն։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի գործով սկսված քննարկմանը հայտարարել է հունգար խորհրդարանական Իմրե Վեյկին։
Նա նշել է, որ դա օրինական գործընթաց է եղել, եւ ուղղված չէ Հայաստանի կամ հայ ժողովրդի դեմ։
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը խոսելով արդարադատության մասին՝ նշել է, որ հունգար դատավորը հստակ հայտարարել է հանցագործության մասին, եւ որ մեղադրյալը չի զղջացել արարքի համար։ «Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած շատ կազմակերպությունների կողմից դատապարտության դեպքերի՝ ադրբեջանցի ոչ մի պաշտոնյա չի դատապարտել ներում շնորհելու որոշումը։ Հակառակը, նրանք դիմեցին ռասիստական եւ ազգային ատելություն սերմանող հայտարարությունների։ Փորձելով արդարանալ իրենց հասարակության առջեւ, նրանք ԶԼՄ-ների միջոցով կեղծ փաստեր տարածեցին այն մասին, որ Սաֆարովը «պաշտպանել է իր դրոշը», սակայն վկաները նշում են, որ դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Հարությունյանը։
Նա նաեւ նշել է, որ ԵԽԽՎ-ում չի բարձրացվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրը, այլ, խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման, եւ Ադրբեջանի կողմից մեկ այլ ազգի նկատմամբ ատելություն ու թշնամանք սերմանող քարոզչության մասին։
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:
Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:





























