Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի «Շվեյցարիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է շվեյցարացի խորհրդարանականների այցը, ինչպես մեր երկիր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Նման այցերը, հանրապետության ղեկավարի համոզմամբ, շատ կարեւոր են տարածաշրջանում տիրող իրավիճակին ծանոթանալու, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի եւ առկա խնդիրների, հակամարտության նախապատմությանը համակողմանի տեղեկացվածության տեսանկյունից: «Այցի ընթացքում ստացած ձեր տպավորությունները դուք կիսելու եք նաեւ խորհրդարանի ձեր գործընկերների եւ, ընդհանրապես, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր անտարբեր չեն մեր տարածաշրջանի կայունության եւ խաղաղության նկատմամբ: Սա շատ կարեւոր հանգամանք է, որով ԼՂ խնդրի հանգուցալուծումն անհնար է առանց միջազգային հանրության մասնակցության»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ուրախալի է համարել այն փաստը, որ բարեկամ երկրների խորհրդարանները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հիմնախնդրի նկատմամբ, եւ վերջին շրջանում տարբեր երկրներից մի շարք պատգամավորական պատվիրակություններ են այցելում Լեռնային Ղարաբաղ: «Մեծապես դրվատելի է, որ աշխարհի առաջադեմ հանրությունն սկսում է վերանայել իր մոտեցումներն ու գալ այն եզրահանգման, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման, ունի իր ճակատագիրը տնօրինելու, ազատ ու անվտանգ ապրելու իրավունք, եւ որ այնտեղ կառուցվում է իրապես ժողովրդավարական երկիր եւ քաղաքացիական հասարակություն»,-ասել է նախագահը:

Շվեյցարիայի խորհրդարանականները նշել են, որ անչափ տպավորված են Հայաստան եւ ԼՂՀ այցելություններից եւ այդ տպավորությունները, անշուշտ, ներկայացնելու են նաեւ Շվեյցարիայի կառավարությանը, որը, մի քանի ամիս հետո ստանձնելով ԵԱՀԿ-ում նախագահությունը, ջանքեր է գործադրելու նաեւ այս տարածաշրջանում խնդիրների լուծման, տեւական խաղաղության հասնելու ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած քսան տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորվել է բարեկամական զարգացող բարձր մակարդակի միջպետական երկխոսություն, որը տարեցտարի զարգանում է թե՛ փոխադարձ այցերի, թե՛ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով: Առանձնահատուկ նշվել է խորհրդարանական դիվանագիտության եւ մասնավորապես բարեկամության խմբերի մակարդակով տարվող աշխատանքները՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: