Պետք չէ հակամարտության պատմությունը վերհիշել, կարեւորն այն է, որ հրադադարի ժամանակ մի զինվոր սպանել է մեկ ուրիշի՝ ՆԱՏՕ-ի միջոցառման ընթացքում։ Այս մասին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ադրբեջանցի Սաֆարովի գործով ընթացող քննարկմանը հայտարարել է իտալացի պատգամավոր Ռենատո Ֆարինան։ «Ինձ համար հատկապես տհաճ լսել մարդասպանի գործողությունների արդարացումներ։ Միտումնավոր սպանությունը չի կարող փառաբանվել։ Այս դեպքը կարող է իր հետեւից կրկնություններ առաջացնել։ Այս հանցագործությանը արդարացում չկա»,- հայտարարել է Ֆարինան։

ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը նշել է, որ ադրբեջանցի ԵԽԽՎ-ի պատվիրակները կեղծ տեղեկություններ են տարածում, որոնք, ոչ մի կապ չունեն իրականության հետ։ «Սաֆարովի գործը պարզապես Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա խնդիր չէ, սա իսկական մարտահրավեր է արժեքներին, որոնց մենք հետեւում եւ պաշտպանում ենք Եվրոպայում։ Հանցագործությունը չի կարող անպատիժ մնալ։ Մենք պետք է մտածենք, ինչպես դիմակայել նման իրադարձությունների կրկնությանը։ Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի արդարացնի իր գործողությունները, բայց մարդասպանին փառաբանելը՝ ԵԽԽՎ-ն չի կարող ընդունել։ Ղարաբաղյան հարցը չի կարող օգտագործվել քրեական գործի արդարացման համար»,- հայտարարել է Ռուստամյանը։