Ստամբուլում ձերբակալվել են Թունիսի երկու քաղաքացիներ, որոնց կասկածում են Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսի սպանության մեջ: 

Ըստ թուրքական լրատվամիջոցների` կասկածյալները հոկտեմբերի 3-ի երեկոյան կեղծ անձնագրերով Թուրքիա մուտք գործելիս ձերբակալվել են Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Այժմ նրանք հարցաքննվում են, հայտնում է NEWSru.com-ը:

Լիբիական Բենգազի քաղաքում  ամերիկյան հյուպատոսության շենքի վրա հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 11-ին: Անհայտ անձինք հրաձգության էին ենթարկել դիվանագիտական ներկայացուցչությունը, իսկ հետո  զինված մարդկանց խումբը ներխուժել էր շենք:

Հարձակման հետեւանքով զոհվել էին Լիբիայում ԱՄՆ-ի 52-ամյա դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք աշխատակիցներ:

Հարձակման պատճառ էր դարձել համացանցում հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը: