ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիային դատապարտել է թուրքական Աքչաքալե քաղաքը հրաձգության ենթարելու համար, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ըստ փաստաթղթի` ԱԽ-ն պահանջել է, որպեսզի միջազգային օրենքների նման խախտումները անմիջապես դադարեցվեն եւ չկրկնվեն:
Միաժամանակ նշվել է, որ Աքչաքալեի միջադեպն «ընդգծում է Սիրիայում ճգնաժամի ավերիչ ազդեցությունը հարեւանների եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչ ԱԽ-ն քննարկում էր Սիրիան դատապարտող հայտարարությունը, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին լրագրողներին հայտնել է, որ սիրիական կառավարությունը ՄԱԿ-ի ԱԽ-ից խնդրում է արձագանքել Հալեպ քաղաքի ահաբեկչություններին, որտեղ չորեքշաբթի պայթեցվել էին ականապատ մի քանի մեքենաներ, զոհվել էր 30 մարդ:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողներին հայտնել է, որ ԱԽ-ում այդ առնչությամբ հայտարարության ռուսական նախագիծ է նեկայացվել, որը կքննարկվի հոկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման, հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից բաց թողնված հրետանային հարվածը Աքչաքալեում 5 մարդու կյանք էր խլել: Թուրքական զինված ուժերը պատասխան հարվածներ էին հասցրել Սիրիային:
Սիրիական իշխանությունները պաշտոնապես ցավակցել են զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Դամասկոսը սկսել է քննել միջադեպը: Համապատասխան հայտարարություն է արել Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին:
Հոկտեմբերի 4-ին Թուրքիայի խորհրդարանը կառավարությանը մեկ տարով մանդատ է տրամադրել անդրսահմանային ռազմական գործողություններ անցկացնելու համար, այդ թվում՝ նաեւ Սիրիայում:




























