ԱՄՆ-ում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Ֆիշենկոն, Վիկտորյա Կլեբանովան եւ Անաստասիա Դյատլովան դատավարության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի համար բարձր տեխնոլոգիական դետալների ապօրինի արտահանման գործում: Այդ մասին հայտնել է Դյատլովայի փաստաբան Ալեքսեյ Տարասովը:
Ըստ նրա` հոկտեմբերի 5-ին հերթական նիստում կվերանայվի Հյուսթոնից Նյու Յորք գործի տեղափոխումը: Այժմ բոլորը ձերբակալված են, սակայն նրանց կարող են ազատ արձակել գրավի դիմաց կամ ուղարկել տնային կալանքի, հայտնում է «pravda.ru»-ն:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Բրուքլինի դատախազությունը 11 հոգու մեղադրանք է ներկայացրել ռազմական տեխնոլոգիաներն ապօրինաբար Ռուսաստան արտահանելու համար: Մեղադրյալների ցուցակում են`46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոն, 34-ամյա Շավկաթ Աբդուլաեւը, 36-ամյա Յուրի Սավինը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, 38-ամյա Անաստասիա Դյատլովան, 37-ամյա Վիկտորյա Կլեբանովան, 44-ամյա Սերգեյ Կլինովը, 58-ամյա Ալեքսանդր Պոսիբիլովը, Դմիտրի Շեգուրովը, 32-ամյա Սվինջ Թաղիեւան եւ 31-ամյա Սվետլանա Զագոնը: Պատասխանատվության ենթակա են նաեւ Թեքսաս նահանգում գրանցված Arc Electronics Inc եւ ՌԴ-ում գրանցված Apex System ընկերությունները:
Քննության տվյալներով` դրանց հիմնադիրը Ա. Ֆիշենկոն է: Դատախազության համաձայն` գործի մասնակիցները մեղադրվում են կառավարական խիստ վերահսկողության տակ գտնվող միկրոէլեկտրոնիկայի դետալներ արտահանելու մեջ, որոնք կարող են կիրառվել ռազմական շատ համակարգերում:
Մեղադրանք են ներկայացրել բոլոր 11 կասկածյալներին, նրանցից 8-ը ձերբակալված են:




























