Չինական դպրոցում սողանքի տակ մնացած բոլոր 18 երեխաները զոհվել են, հայտնում են չինական լրատվամիջոցները:
Հաջողվել է դուրս բերել զոհերի մարմինները, բոլորը 3-րդ եւ 5-րդ դասարանների աշակերտներ են: Լրատվամիջոցները նշում են, որ զոհված երեխաները Չժենհեի դպրոց էին տեղափոխվել հարեւան բնակավայրից, երբ նրանց նախկին դպրոցը սեպտեմբերի սկզբին ավերվել էր երկրաշարժի հետեւանքով: Հենց Իլյանի երկրաշարժի պատճառով բաց թողած պարապմունքների համար էին երեխաները դասերի մասնակցում, չնայած որ այդ օրերին ամբողջ երկրում աշնանային արձակուրդ էր հայտարարված:
Սողանքից տուժել է նաեւ հարեւանությամբ գտնվող բնակելի փայտե տունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Յունյան նահանգի Չժենհե գյուղում սողանքը դպրոցի շենքին հասել էր հոկտեմբերի 4-ի առավոտյան: Ամբողջովին ավերվել էր գյուղական դպրոցի շենքը եւ հարեւանությամբ գտնվող բնակելի տունը:




























