ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսով շնորհավորել է «Վրացական երազանք» ընդդիմադիր բլոկի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին եւ նրա թիմին եւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները առավել սերտացնելու նրա նպատակների համար, ասվում է Facebook սոցիալական ցանցի Իվանիշվիլիի պաշտոնական էջում:

Հեռախոսային զրույցում կողմերը ընդգծել են «Ռազմավարական համագործակցության կարեւորությունը, ինչպես նաեւ երկրների միջեւ հետագա համագործակցությունը»: Իր հերթին, Բիձինա Իվանիշվիլին նշել է  «Վրաստանի ժողովրդավար զարգացման» հարցում ԱՄՆ-ի ունեցած կարեւոր ներդրումը, ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Իվանիշվիլին հայտնել է, որ իր առաջին արտասահմանյան այցը կկատարի ԱՄՆ եւ ավելացրել է, որ ամերիկացիները կարեւոր դեր են խաղացել Վրաստանի ընտրություններց առաջ եւ հետո, ինչպես նաեւ Վրաստանում ժողովրդավար ինտիտուտների կայացման հարցում:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա-օնլայնը», վկայակոչելով Վրաստանի նախագահի գրասենյակը, հեռախոսային զրույց է տեղի ունեցել նաեւ Հիլարի Քլինթոնի եւ Միխայիլ Սահակաշվիլիի միջեւ, որի գլխավոր թեման եղել է հետընտրական Վրաստանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան: