Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մտադրություն չունի,  հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի: Ի դեպ, մենք պատրաստ ենք բոլորին հիշեցնել, որ ընդունակ ենք պաշտպանելու մեր սահմաններն ու քաղաքացիներին, ուստի կարիք չկա մեր համբերությունը փորձարկել»,– հայտարարել է կառավարության ղեկավարը, հայտնում է utro.ru-ն: Վարչապետի հայտարարությունը հետեւել է խորհրդարանի կողմից կառավարությանը անդրսհմանային ռազմական գործողություններ անցկացնելու, այդ թվում`Սիրիայի դեմ, մանդատ տրամադրելու որոշմանը: 

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ մանդատը պետք չէ դիտարկել իբրեւ Դամասկոսին պատերազմ հայտարարելու որոշում: Թուրքական փոխվարչապետ Բեշիր Աթալայի խոսքով` մանդատն ուղղված է Թուրքիայի ազգային շահերի պաշտպանությանը` հաշվի առնելով ապագայում դեպքերի հնարավոր զարգացումները, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների հաղորդման, հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից բաց թողնված հրետանային հարվածը Աքչաքալեում  5 մարդու կյանք էր խլել: Թուրքական զինված ուժերը պատասխան հարվածներ էին հասցրել Սիրիային:

Սիրիական իշխանությունները պաշտոնապես ցավակցել են զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին: Դամասկոսը սկսել է քննել միջադեպը: Համապատասխան հայտարարություն է արել Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին: