Ադրբեջանցի ուսանող Օրհան Մուխտարլին մեկ ամիս էլ չի ուսանել Մինսկի Կառավարման ինստիտուտում. երիտասարդին հեռացրել են հակահայկական քարոզչության փորձի համար:
Նշված բուհ ընդունված Մուխտարլին անհապաղ ձեռնամուխ է եղել իր պետության մասին տեղեկություններ տարածելու «արդար գործին»` բուհական գրադարանին տրամադրելով ադրբեջանական կարպետների մասին պատկերազարդ 15 գիրք:
Ադրբեջանական մամուլում այդ միջադեպը, ինչպես միշտ, աղավաղված է ներկայացվել, նրանք հայտնել են, որ Օրհան Մուխտարլին գրադարանին «հայկական ահաբեկչության մասին գրքեր է փոխանցել»:
Հայաստանի դեսպանության` ինստիտուտի ռեկտոր Ն. Սուշային ուղղված հարցմանն ի պատասխան իրավիճակը պարզաբանող նամակ է ստացվել.
«Մինսկի Կառավարման ինստիտուտի իրավաբանական բաժին ընդունվելու պահից սկսած` սեպտեմբերի 7-ից, Օրհան Մուխտարլին լրատվամիջոցներով ոչ հավաստի տեղեկություններ էր տարածում այն մասին, թե իբր բելառուսա-ադրբեջանական երիտասարդական կազմակերպության ղեկավար է եւ որ Բելառուսի Հանրապետությունում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպանի մասնակցությամբ կայացած միջոցառման ընթացքում ինքը Մինսկի Կառավարման ինստիտուտին Կովկասի պատմության եւ հայկական ահաբեկչության մասին գրքեր է նվիրաբերել… Նշված գրքերն իրականում ինստիտուտի գրադարանին չեն փոխանցվել», - ասվում է բուհի ռեկտորի պատասխանում: «Ավելին, ինստիտուտը, ազգամիջյան խտրականություն պարունակող քաղաքական ուղղվածության գրականություն նվիրաբերելու առաջարկ ստանալու դեպքում, հավատարիմ մնալով միջազգային համագործակցությունը խորացնելու համապետական սկզբունքին, կհրաժարվեր եւ ստիպված կլիներ կասկածի տակ դնել Բելառուսի Հանրապետությունում արտասահմանյան տվյալ քաղաքացու գտնվելու նպատակահարմարությունը», - նշում է Ն. Սուշան իր նամակում:
«Ռեկտորն առանձնազրույց է ունեցել Օրհան Մուխտարլիի հետ, ինչից հետո ուսանողը սեփական կամքով բուհից հեռանալու դիմում է գրել», - հաղորդվում է ռեկտորի պաշտոնական պատասխանում:
Այդկերպ, չկայացած իրավաբանը համալրել է ադրբեջանական քարոզչամեքենայի զոհերի շարքերը, իսկ հերթական սուտն ամբողջությամբ բացահայտվել է:































