Հայաստանի ներկա խորհրդարանը հավատարիմ է նախորդների ավանդույթին, մի տարբերությամբ, որ այսօր պատգամավորին նախքան անձեռնմխելիությունից զրկելը նախկինի նման չեն ծեծում, այլ բավարարվում են միայն անձեռնմխելիությունից զրկելով: Այդ մասին խորհրդարանում հոկտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով` այս ամենում որոշակի օրինաչափություն կա. «Իշխանություններն ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկում են կամ նախագահական ընտրություններից առաջ, կամ հետո: Որպես կանոն, անձեռնմխելիությունից զրկվում են բացառապես ընդդիմադիր պատգամավորները»:
Նա նաեւ նշել է, որ հարկավոր է մեծ ցանկություն ունենալ չտեսնելու համար Օսկանյանի գործի քաղաքական բնույթը. «Եթե իրավապահ մարմինները կարողացել են 2 տարի սպասել, ինչու եւս 5 ամիս չսպասեցին եւ գործին ընթացք չտվեցին նախագահական ընտրություններից հետո: Այդ ամենից տուժում է մեր երկրի հեղինակությունը», - նշել է Հակոբյանը:
Խորհրդարանականը նաեւ կարծիք է հայտնել, որ Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ խաղի կանոնների զոհ է դարձել:
«Կատարվածն ուղղված է միայն Վարդան Օսկանյանի, այլ ոչ թե ԲՀԿ-ի դեմ: Եվ խորհրդարանում գտնվողներից յուրաքանչյուրը պոտենցիալ Վարդան Օսկանյան է: Մենք բոլորս պոտենցիալ Վարդան Օսկանյան ենք», - ամփոփել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























