Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է եւ այն մեկնաբանելու կարիք չկա: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 5-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա միաժամանակ նշել է, որ հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններից շատերը մեկ կենտրոնից էին կոորդինացվել: Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մեկնաբանությանն այն մասին, որ ինքը լավ է ճաանչում Քոչարյանին, եւ որ այդ հայտարարության հեղինակը չէր կարող նա լինել, Վարդանյանը նշել է. «Սա հենց այն հազվագյուտ դեպքերից է, երբ Սահակյանը սխալվում է»:
Անդրադառնալով ընթացիկ շաբաթվա խորհրդարանական դեպքերին` Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ Օսկանյանի գործը քաղաքական էր:
«Եթե Վարդան Օսկանյանը քաղաքականություն չմտներ, գլխավոր դատախազությունը միջնորդություն չէր ներկայացնի խորհրդարան: Ստեղծված իրավիճակում ինձ մտահոգում է խորհրդարանական մեծամասնության պահվածքը: Ուշագրավ է, որ դատապարտող բոցաշունչ ճառեր ասող հանրապետական պատգամավորները հետո մոտենում էին մեզ եւ ասում, որ մեր ելույթները լավն էին»:
ՀՅԴ-ի ներկայացուցիչը նաեւ անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը հայտարարել է խորհրդարանի նիստերը բոյկոտելու մասին: «Դա կարող է լուրջ գործընթացների հանգեցնել: Տվյալ պահին հայտնի չէ` կվերադառնան նրանք խորհրդարան, թե ոչ»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























