Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու ներքեւի մասում` Հրազդանի կիրճում գտնվող ջրմատակարարման պոմպի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ-74» ինքնաձիգ, «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափ 98 փամփուշտ եւ ինքնաձիգի 3 պահունակ, որոնցից երկուսի մեջ եղել է 5.45 մմ տրամաչափ 60 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 13.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ «Լամբադա» կամրջի մոտ գտնվող կիսակառույց եկեղեցու պատի տակ զենք-զինամթերք է թողնում:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն ինքնաձիգ, «ՌԳԴ-5» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, «Ջ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ԲՄՊ-1» եւ «ՊՄԶ-Ս» տիպի 2-ական նռնակ` առանց պայթուցիչների, 1 պայթուցիչ, հակատանկային ական` պայթուցիչով, հակատանկային ականի 3 պայթուցիչ, պայթաղյուսի էլեկտրական 2 դետոնատոր, տարբեր տրամաչափի 1.741 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, գնդացրի 1 ժապավեն, ինքնաձիգի պահունակի սանր: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 10.45-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ ինքը զինամթերք է թողնում Հանրապետության մարզադաշտի մոտ գտնվող աղբարկղի մեջ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, «Ֆ-1» նռնակ` պայթուցիչով, «ՌԿԳ-3 ԵՄ» հակատանկային նռնակ` պայթուցիչով եւ 5.45 մմ տրամաչափի 86 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:





























