Հնարավոր է` հաջորդ ուսումնական տարվանից Ադրբեջանի բուհերում վերսկսվեն զինվորական պարապմունքները: Այդ մասին հայտնել է ԲՊՀ-ի ռեկտոր Աբել Մահերամովը, հայտնում է vesti.az-ը:

Մեկնաբանելով հայտարարությունը` Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար, պաշտոնաթող գեներալ-մայոր Դադաշ Ռզաեւը նշել է, որ «այսօր յուրաքանչյուրը պետք է մտածի Ղարաբաղի մասին»:

Ռազմական փորձագետ Ուզեր Ջաֆարովի խոսքով` «Ուրախալի է, որ այդ մասին մտածեցին այժմ»: Ըստ նրա`զինվորական ամբիոնների առկայությունը կարող է մեծապես նպաստել պետական միջոցների խնայողությանը: Իր հերթին խորհրդարանի պատգամավոր, Անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ «ուսանողը պետք է պատրաստ լինի ծառայությանը, հատկապես` ճակատային գծում:  Ղարաբաղում պատերազմն անխուսափելի է, հետեւաբար անխուսափելի են նաեւ արյունը, մարտերը, ծառայակիցների մահը եւ այլն: Այդ բոլորին պետք է պատրաստ լինել»:

Նրա խոսքով` ադրբեջանցի սպաները պետք է ուսանողներին սովորեցնեն անհրաժեշտ ծրագրերը` ՆԱՏՕ-ի պահանջներին եւ չափանիշներին համապատասխան: Խորհրդարանի պատգամավոր Ագիլ Աբասը ես սատարում է գաղափարը: «Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմին, անհրաժեշտ է կատարելագործել ռազմատեխնիկական բազան, բուհերում գործնական պարապմունքներ անցկացնել:  Պատերազմը կարող է սկսվել վաղն եւեթ, եւ մենք դրան պետք է պատրաստ լինենք», - ընդգծել է ադրբեջանցի պատգամավորը: