Բաքվում Ադրբեջանի կրթության նախարարության դիմաց հոկտեմբերի 5-ին կայացած հավատացյալների բողոքի ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Հավատացյալները պահանջում են վերացնել դպրոցներում հիջաբ կրելու արգելքը:
Գրեթե 200 ցուցարարներ վանկարկել են`«ազատություն հիջաբին», «ազատություն իսլամին», «անիծվեն սիոնիստները»: Ոստիկանական 150 հոգանոց ջոկատը սկսել է ցրել ցուցարարներին:
Բախումների ընթացքում տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Երկու կողմերից էլ տուժածներ կան: Տուժածների շարքում է մայրաքաղաքային ոստիկանության պետի տեղակալ Սահլաբ Բագիրովը, որի գլուխն են կոտրել: Ցուցարարների առանձին խմբեր շարունակում են բողոքը եւ դիմադրություն ցույց տալիս ոստիկաններին, գրում է contact.az-ը:
SalamNews-ի հաղորդմամբ, չնայած նրան, որ ցուցարարներն արդեն նահանջել են, ոստիկանությունը շրջափակել է կրթության նախարարության շենքը: Ցուցարարներն ուղեւորվել են դեպի մետրոյի «Մայիսի 28-ի» կայարան: Նախնական տվյալներով` 30 մարդ ձերբակալվել է, մի քանի ոստիկաններ վիրավորվել են:
Ադրբեջանում հիջաբ կրելու արգելքը մտցվել էր 2010թ. դեկտեմբերին: 2011-ի մայիսին կրթության նախարարության դիմաց արդեն նմանատիպ ակցիա անցկացվել էր:





























