Առողջապահության ոլորտում բարեփոխումների հետ կապված լուրջ աշխատանքներ տարվել են, որեւէ մեկը դրանից չի հրաժարվում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ անդրադառնալով իր նախորդի՝ Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի օրոք կատարված աշխատանքներին: Նախարարը նշեց, որ մինչ իր պաշտոնավարումը ծննդօգնության, մանկաբարձության, արդիականացման, օպտիմիզացիայի ոլորտում բազմաթիվ աշխատանքներ են տարվել: «Որեւէ խնդիր չեմ տեսնում, որ ասենք տվյալ ժամանակահատվածի համար տրված է եղել եւ չի կատարվել, այս խնդիրները, որ բարձրաձայնեցի, մի օրվա խնդիրներ չեն: Սրանք աշխատանքներ են, որոնք պետք է ժամանակի ընթացքում կատարվեն»,- ասաց նա:
Դերենիկ Դումանյանը նշեց, որ որեւէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս հրավիրված խորհրդակցությանը, որի ժամանակ նա սուր քննադատության հնչեցրեց առողջապահության ոլորտի մասին: «Հայաստանի նախագահը շատ ճիշտ դիտողություններ արեց, եւ իսկապես համակարգում, ոլորտում բեկում մտցնելու ժամանակն է: Այդ խնդիրը պետք է լուծենք բոլորով միասին: Երբ որեւէ ոլորտում նոր ղեկավար է նշանակվում, առաջին հերթին ժողովրդի մոտ է արթանանում այն հույսը, որ պետք է շատ արագ բոլոր խնդիրները լուծվեն, եւ բնակիչները, եւ համակարգը ինձնից սպասելիքներ ունեն, եւս պետք է աշխատեմ այդ սպասելիքները իրականացնեմ: Ուժերիս ներածին չափ կաշխատեմ»,- խոստացավ նախարարը: Դերենիկ Դումանյանը ձեռնպահ մնաց ասել,թե իր նախորդից վատ ժառանգություն է ստացել՝ նշելով, որ լավ ժառանգություն ենք ստացել, որովհետեւ փայլուն, տաղանդավոր բժիշկներ ունենք: Իսկ բարձրաձայնվող խնդիրները խոսում են այն մասին, որ իրենք գիտեն, որ ազգաբնակչությունը դժգոհ է առողջապահական ծառայությունների քանակից, որակից, որ դեղերը թանկ են, պետպատվերը չի հասնում հասցեատիրոջը եւ այլն:
Հարցին, թե նախագահի հրավիրած խորհրդակցութունից հետո հնարավոր է պաշտոնանկություններ, ձերբակալություններ, նա նշեց, որ այդպիսի տպավորություն չի ստացել, եւ «խորհրդակցությունները նրա համար չեն, որ հրաժարականներ, ձերբակալություններ լինեն». «Ով իր տեղում չէ, եւ ով խախտում է թույլ տվել, նա պետք է պատասխան տա թե խորհրդակցությունից առաջ, թե խորհրդակցությունից հետո»,- ասաց Դերենիկ Դումանյանը՝ նշելով, որ, դեռեւս նման դեպքեր չեն եղել:
Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահի նշած ժամկետներում կտեղավորվեն եւ կկարողանան լուծել մի շարք խնդիրներ: Այդ նպատակով, Առողջապահության նախարարությունը մշակել է երկու ծրագիր՝ մեկը կարճաժամկետ՝ 7-8 ամսվա համար, մյուսը՝ երկարաժամկետ: Առողջապահության նախարարը որեւէ կապ չի տեսնում կատարվող բարեփոխումների նախընտրական շրջանի համընկնման հետ: «Ես սա որեւէ նախընտրական հարցի հետ չեմ կապում, սա իմ ամենօրյա աշխատանքն է»,- ասաց նախարարը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























