Տարվա սկզբում ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացվող հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի 134 բուժհիմնարկներից 109-ը առանց մրցույթի են իրականացրել գնումները, ինչը բերել է դեղորայքի գների 50-100 տոկոս աճին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նշելով, որ առողջապահության համակարգում ընդգրկված բոլոր հիմնարկները ինքնուրույն են իրականացնում գնումները իրենց իսկ բժշկական կենտրոնների համար:

«Դրանցից 66-ի դեպքում տնօրենները չեն էլ իմացել, որ պետք է մրցույթով գնումներ իրականցնեն: Խնդիրն այն է, որ շատ տնօրեններ տեղյակ չեն իրավական փաստաղթղթերից, եւ մենք անելիք ունենք նրանց կրթելու, գիտելիքները հարստացնելու գործում»,- ասաց նախարարը:

Դերենիկ Դումանյանը անդրադարձավ ոլորտում առկա մի շարք խնդիրների՝ բուժօգնության մատչելիության, որակի, մարզերում մասնագետների խնդրին եւ այլն: Նախարարը շեշտեց, որ ազգաբնակչությունը իրազեկ չէ, թե ինչ անվճար բուժօգնություն ինքը պետք է ստանա, եւ պետք է քայլեր ձեռնարկեն, որ յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ պետությունը գումար է հատկացրել եւ ինքը կարող է անվճար օգնություն ստանալ: Առողջապահության նախարարության առջեւ ծառացած է նաեւ մեկ այլ խնդիր՝ իր իսկ կողմից գնված ծառայությունների որակի վերահսկումը, սակայն այդպիսի մեխանիզմ չկա: Դերենիկ Դումանյանի խոսքով՝ այս խնդիրը գալիս է նրանից, որ մենք չունենք գնահատման չափորոշիչներ, եւ դեռեւս շատ անելիքներ ունենք: Պատրաստվում են նաեւ բժշկական հաստատություն-հիվանդ հարաբերությունները կանոնակարգել պայմանագրով:

Անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանը՝ նախարարը շեշտեց, որ դեռեւս շարունակվում է հիվանդների հոսքը Երեւան: Դրա պատճառը, ըստ նախարարի, մարզերում կադրերի պակասն է, այսօրվա դրությամբ մարզերում բժիշկների 259 թափուր հաստիք կա, կան մարզեր, որտեղ մեկ մասնագետը սպասարկում է ամբողջ մարզինը, ինչպես օրինակ՝  Վայոց Ձորում մեկ անասթեզիոլոգ, Բերդում՝ մեկ մանկաբարձ-գինեկոլոգ:Մարզերում կադրերի պակասը պատրաստվում են լուծել շրջանավարտների համար այնտեղ պայմաններ ապահովելով եւ մարզեր ուղարկելով, ինչպես նաւե Երեւանի տարբեր բուժհիմնարկներից բժշիկներ ուղարկելով:

Դերենիկ Դումանյանի խոսքով՝ մարզերից Երեւան եկող հիվանդների ուղիղ կեսը կարող է  բուժվել հենց իր բնակավայրում, մյուս կողմից էլ՝ մարզերում  եւ Երեւանում ծառայությունների գները նույնը չեն,  «Նորմալ ֆիզիոլոգիական ծնունդը մարզերոմ գնահատվում է 97 հազար դրամ, Երեւանում՝ շուրջ 130 հազար դրամ: Սա մարզերում պակասեցնում է ֆինանսավորումը եւ ավելացնում է Երեւանում: Այդ խնդրին լուծում է տրվել, եւ բոլոր գները հավասարեցվել են Մարզային ծննդօգնության գները բարձրացրել են եւ Երեւանինը իջեցրել՝ դարձնելով 107  հազար դրամ:  Քննարկում ենք սերտիֆիկատները տեղայնացնելու խնդիրը, որպեսզի մարզերից չգան Երեւան, իսկ եթե ցանկանում են գալ Երեւանում ծննդաբերել, ապա այդ դեպքում պարտավոր կլինեն վճարել դրա համար»,- ասաց նա:Նախարարի խոսքով՝ անհապաղ լուծում է պահանջում նաեւ բուժքույրերիի եւ բժիշկների ցածր աշխատավարձի խնդիրը, բժիշկներ կան, որոնց աշխատավարձը 60-70 հազար դրամ, բուժքույրերինը՝ 35  հազար դրամ: