Վրաստանում ընթանում է գործող իշխանությունների ներկայացուցիչների եւ «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդների իշխանության փոխանցման հարցով առաջին հանդիպումը:

Վրացական լրատվամիջոցների տվյալներով` «Միասնական ազգային շարժումից» հանդիպմանը մասնակցում են խորհրդարանի գործող նախագահ Դավիթ Բակրաձեն, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի (Գեորգի) Ուգուլավան, խորհրդարանական Պավլե Կուբլաշվիլին եւ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Գիգա Բոկերիան: «Վրացական երազանք» կոալիցիայի աշխատանքային խմբում, GHN-ի հաղորդմամբ, ընդգրկված են «Մեր Վրաստան. ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին, նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարին եւ Իվանիշվիլիի բարեգործական հիմնադրամի նախկին նախագահ Իրակլի Գարիբաշվիլին:

 «Մեր աշխատանքային խմբի գլխավոր խնդիրը  իշխանությունների ներկայացուցիչների հետ այն հարցերի քննարկումն է, որոնք անհրաժեշտ է կարգավորել խորհրդարանի բնականոն աշխատանքի համար, ինչպես նաեւ` նոր կառավարության ձեւավորման», - ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Դավիթ Ուսուպաշվիլին:

Իրակլի Ալասանիան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իշխանության փոխանցումը պետք է կատարվի արագ եւ արդյունավետ:

 «Մենք իշխանության փոխանցման հարցերով խորհրդակցությունները կսկսենք աշխատանքային ռեժիմով: Դա պետք է արագ եւ արդյունավետ գործընթաց լինի», - ասել է Ալասանիան, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը եկել է իշխանության: Սահակաշվիլին հայտարարել է իր գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընդդիմություն դառնալու մասին: