«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ հիմնականում տարաձայնություններ չկան, բայց որոշ հարցեր պարզաբանման կարիք ունեն: Այդ մասին խորհրդարանում այսօր` հոկտեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, երբ Խաչատուր Քոքոբելյանը վերադառնա Հայաստան եւ անձամբ պարզաբանի», - նշել է Հակոբյանը:
Խմբակցության ղեկավարը նաեւ հաստատել է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ իրոք պատգամավորական մանդատները վայր դնելու մասին պայմանավորվածություն է եղել Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ:
«Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի միջեւ, ուստի ճիշտ կլինի, եթե նրանք խոսեն այդ մասին»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Խաչատուր Քոքոբելյանը պետք է վայր դներ մանդատը` երիտասարդներին ճանապարհ զիջելու համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից հերքել էին այդ տեղեկությունը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























