Ամբողջ աշխարհում մարդիկ պլաստիկ վիրաբուժներին դիմում են ինքնահաստատման, դեֆեկտների շտկման համար: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Պլաստիկ եւ վերականգնողական ծառայության ղեկավար Գեւորգ Ստեփանյանը: Նրա խոսքով, փոքր դեֆեկտների շտկման դեպքում մարդը ավելի ինքնահաստատված է դառնում: Ասուլիսի մյուս բանախոսը` կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանն էլ ասաց, որ պլաստիկ վիրաբուժությունը սկիզբ է առել դեռ երեք հազար տարի առաջ Եգիպտոսից: «Այնուհետեւ Հնդկաստանում: Եվրոպայում չկար մինչեւ միջնադար: Ի դեպ, ԱՄՆ-ում լայն թափ առած այս ուղղության հիմանդիրը հայ է` Վարազդատ Ղազանդյանը»,- նշեց նա:
Հոգեբանը ընդգծեց, որ պլաստիկ վիրաբուժության դիմում են երկու դեպքում նախ առողջական խնդիրներից ելնելով ` վնասվածքները շտկելու նպատակով եւ, երբ ցանկանում են լինել, ոչ այնպիսինը ինչպիսին, որ կան: «Ստացվում է, որ անձի ներքինը չի ընդունում իր արտաքինը: Այլ հարց է, որ մարդիկ վիրահատության են դիմում սիրեկանի քմահաճույքից, որպեսզի ենթադրենք, որ կուրծքը ավելի մեծ լինի: Բայց, երբ երկու տարի հետ դադարես այդ մարդու սիրուհին լինել եւ մեկ ուրիշի կողքին հայտնվես ,ով չի սիրում մեծ կուրծք ի՞նչ պետք է անես: Հետեւաբար այս գործընթացին միանում է հոգեբանը»,- ընդգծեց հոգեբանը:





























